Միացյալ Նահանգները դարձել է նավթի արդյունահանման համաշխարհային առաջատարը՝ առաջ անցնելով Ռուսաստանից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Վեդոսմոստի» թերթին, համապատասխան տեղեկատվությունը բովանդակում է էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) հաշվետվությունը:
2014 թվականին ԱՄՆ-ը հանույթն ավելացրել է օրական մեկուկես միլիոն բարելով՝ մինչև 11,81 միլիոն բարել: Ռուսաստանն այս ցուցանիշն ավելացրել է օրական 50 հազար բարելով՝ մինչև 10,93 միլիոն բարել: ԷՄԳ-ն կանխատեսում է, որ երկրների միջև խզումը կմեծանա ընդհուպ մինչև 2020 թվականը: Սպասվում է, որ այդ ժամանակ ՌԴ-ն կարդյունահանի օրական 10,37 միլիոն բարել նավթ, ԱՄՆ-ը՝ 13,96 միլիոն: Գործակալությունը կանխատեսում է, որ արագ աճ կապահովի թերթաքարային նավթի արդյունահանումը:
ԷՄԳ-ի հաշվետվության մեջ ասված է, որ Ռուսաստանը նավթի արտադրության ծավալները կնվազեցնի օրական 560 հազար բարելով: Մեկ տարի առաջ կանխատեսվում էր 200 հազար բարելի աճ: