Ավարտվել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Պյոտր Պորոշենկոյի և Ֆրանսուա Օլանդի, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունները: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով Tass-ին:
Ղեկավարները հեռացել են բանակցությունների դահլիճից, նախ՝ Պորոշենկոն, ապա Պուտինը, իսկ նրանից հետո՝ Օլանդը և Մերկելը:
«Իմ կարծիքով՝ պայմանավորվել ենք շատ բաների մասին: Առաջինը՝ պայմանավորվել ենք փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը:
«Նորմանդյան քառյակի» առաջնորդները Մինսկում Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ մոտ 16 ժամ բանակցություններ են վարել: Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդները հանդիպումը սկսել են նախօրեին՝ ժամը 20:15-ի սահմաններում՝ նեղ կազմով: Երկու ժամ անց նրանք դուրս են եկել նկարվելու, իսկ այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով: Եվս որոշ ժամանակ անց պետությունների ղեկավարները բանակցությունները շարունակել են նեղ շրջանակով: