«Նորմանդական քառյակի» առաջնորդների բանակցություններն Ուկրաինայի հարցով ավարտին են հասել: 16 ժամ տևած բանակցություններից հետո համաձայնագիրն ընդունվել է: Վերջին ժամերին նրանց միացել էր Ուկրաինայի իրադրության կարգավորման խնդրով շփման խմբում ԵԱՀԿ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Պուտինը նշել է, որ կողմերը համաձայնության են եկել, որ հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի փետրվարի 15-ին՝ ժամը 00.00-ին:
Ձեռք բերված համաձայնության համաձայն՝ ուկրաինական բանակը ծանր զենքը դուրս կբերի ներկա սահմանից որոշակի հեռավորության վրա, իսկ աշխարհազորայինները՝ Մինսկի՝ անցյալ տարվա սեպտեմբերին հուշագրով ֆիքսված սահման: Բացի այդ, նրա խոսքով, աշխարհազորայինները ենթադրում են, որ ուկրաինական զորքերը Դեբալցևոյի շրջանում վայր կդնեն զենքերը:
Պուտինի խոսքով՝ բանակցություններում որոշումներ են ընդունվել սահմանային, հումանիտար հարցերի, Դոնեցկի և Լուգանսկի տարածքների հատուկ կարգավիճակի մասին ավելի վաղ ընդունված օրենքը գործողության մեջ դնելու և տնտեսական ու հումանիտար բնույթի մի ամբողջ շարք հարցերի վերաբերալ:
Դոնբասի երկարաժամկետ քաղաքական կարգավորումը ենթադրում է, մասնավորապես, սահմանադրական բարեփոխում, որը հաշվի կառնի տարածաշրջանի բնակիչների օրինական իրավունքները, հայտնել Է Պուտինը: