Օրերս լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ԲՀԿ պատվիրակությունը` կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով «Московская правда» պարբերականին:
Ըստ պարբերականի` այս ամենը բավականին տարօրինակ էր, քանի որ Գագիկ Ծառուկյանը, ով հայտնի է PR-ի նկատմամաբ իր մեծ սիրով, չէր գովազդել ինտրիգային այցելության փաստը:
ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները փորձել են բացատրել Ծառուկյանի «լուռ» այցը` մեկնաբանելով, որ Մոսկվայում նա մասնակցելու էր միջկուսակցական ծրագրի՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ համագործակցության շրջանակներում:
«Ծառուկյանի` ռուսաստանյան բարձրաստիճան դեմքերի հետ հանդիպելու աղոտ հույսերը չիրականացան: Նա վերադարձել է Հայաստան ձեռնունայն և Մոսկվայի այն ակնարկով, որ մոտ ապագայում ԲՀԿ-ն երկրի ներքաղաքական դաշտում կարող է միայն երկրորդական դեր ունենալ»,- գրում է թերթը: