Ադրբեջանի այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը» (ՂԱԿ) սպառնացել է 2015 թվականի ամռանը Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի ընթացքում սադրանքներ կազմակերպել հայկական պատվիրակության դեմ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
ՂԱԿ-ի առաջնորդ Աքիֆ Նաղին հայտարարել է, որ իրենց համար ոչ մի նշանակություն չունի հայ մարզիկների և մյուս երկրներից ժամանած հյուրերի անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու վերաբերյալ Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովի հայտարարությունը:
«Եթե հայ մարզիկները ժամանեն Բաքու, ապա մենք ամեն բան կանենք նրանց ելույթները խանգարելու համար, և դրանում ոչ ոք մեզ խանգարել չի կարող: Մենք, ինչպես նախկինում, ներկա ենք գտնվելու դահլիճներում, մարզական կենտրոններում և բողոքելու ենք հայ մարզիկների դեմ: Ես չգիտեմ, թե ինչ անվտանգության երաշխիքների մասին է խոսում Ազադ Ռահիմովը»,- հայտարարել է նա:
Ազադ Ռահիմովն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանը Բաքվի Եվրոպական խաղերին կմասնակցի 30-50 մարզիկով: Նա հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը երաշխավորում է հայկական պատվիրակության անվտանգությունը:
ՂԱԿ-ը հայտնի է իր հակահայկական գործողություններով: Այդ ազգայնական կազմակերպությունը մշտապես սադրանքներ է կազմակերպել Ադրբեջանում միջազգային մակարդակով կազմակերպված միջոցառումներին մասնակցած հայկական պատվիրակությունների դեմ: