Ամերիկյան ավիաընկերությունները 2,6 հազար չվերթներ են չեղարկել ձյան տեղումների պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական հեռուստաալիքներին:
Եղանակային պայմանները հատկապես խանգարել են Հյուսիսային Կարոլինայի, Թենեսիի և Նյու Յորքի նահանգների օդանավակայանների, ինչպես նաև մայրաքաղաք Վաշինգտոնի շրջակա օդանավակայանների աշխատանքին: Ձյան առատ տեղումներ և ցածր ջերմաստիճաններ են գրանցվել ԱՄՆ-ի Ատլանտյան տարածաշրջանի և Միջին Արևմուտքի նահանգների մեծ մասում:
Բոստոնից մինչև Հյուսիսային Կարոլինա մի շարք վայրերում, ներառյալ ԱՄՆ-ի մայրաքաղաքը, կանխատեսվում են մինչև 30 սանտիմետր տեղումներ: Վաշինգտոնում ֆեդերալ հիմնարկությունները փետրվարի 17-ին փակ են լինելու:
Ինչպես նշում է BBC-ն, Արևմտյան Վիրջինիայի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել այն բանից հետո, երբ նավթ փոխադրող գնացքը դուրս է ընկել ռելսերից, և ցիստեռններից առնվազն մեկն ընկել է Քանովա գետը: