Թուրքիայի հինգ նահանգներում այսպես կոչված «զուգահեռ պետության» գործի հետաքննության շրջանակում ձերբակալվել են Ներքին գործերի նախարարության 12 աշխատակիցներ, այդ թվում' բարձրաստիճան սպաներ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Ոստիկաններին մեղադրել են հանցագործ կազմակերպություն ստեղծելու, հեռախոսային խոսակցությունների ապօրինի լսումների, անձնական կյանքի անձեռնմխելությունը խախտելու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ:
Ավելի վաղ «զուգահեռ պետության» գործով գործողությունների ընթացքում ձերբակալվել էին հարյուրավոր մարդիկ, այդ թվում' ոստիկանության բարձրաստիճան սպաներ, լրագրողներ, գիտատեխնոլոգիական հետազոտական խորհրդի և Թուրքիայի հեռահաղորդակցական դեպարտամենտի աշխատակիցներ:
2013 թվականի դեկտեմբերի կեսերին այդ երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո, որով բացահայտվել էին թուրքական կառավարության անդամների, այդ թվում' այն ժամանակ Թուրքիայի վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու, փեսայի և դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետևում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետևորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության և ոստիկանության աշխատակիցներ:
Իրավապահ և դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս: