Ադրբեջանցի դիվերսանտների վերադարձնելու մասին Վիկտորիա Նուլանդի հայտարարությունը հարուցեց հայ հասարակության զգալի հատվածի և քաղաքական ու վերլուծական շրջանակների դժգոհությունը: Orer.am-ի հետ զրույցում «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ» ՀԿ նախագահ Ստեփան Սաֆարյանը ներկայացրել է իր վերաբերմունքը ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցչի կոչի վերաբերյալ:
«Բնական է, որ լավ վերաբերմունք ունենալ չեմ կարող: Ճիշտն ասած՝ չեմ հասկանում, թե ինչ խնդիր է լուծում Նուլանդը: Եթե նա պարզապես Երևանին է փոխանցում Ալիևի` իրեն ուղղված խնդրանքը, և դա ձևական բնույթ է կրում, որպեսզի Ալիևին չնեղացնի, դա ուրիշ բան: Այդ դեպքում մենք կարող ենք հայտարարությանը վերաբերել որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի կողմից արված ձևական հայտարարության: Եթե իսկապես Վաշինգտոնը գտնում է, որ կարելի է 17 տարեկան տղային սպանողին և այլ հանցագործություններ կատարողներին վերադարձնել Ադրբեջան, որտեղ նրանց Սաֆարովի նման կհերոսացնեն, ապա դա նշանակում է խրախուսել հայասպանությունը: Դա չի լինի վստահության ամրապնդման քայլ, ինչպես դա ներկայացնում է տիկին Նուլանդը:
Ճիշտ հակառակը՝ այն կարող է հայասպանության քաղաքականությունը խթանող կամ Ալիևին էլ ավելի ոգևորող քայլ լինել, և այս կապակցությամբ Վիկտորիա Նուլանդի միջնորդավորված առաջարկը միանշանակ ենթակա է մերժման: Դրա բացատրությունը հստակ կա, որովհետև ակնհայտորեն հանցագործություններ կատարած մարդիկ Ադրբեջանում արդարացվում են: Չի կարելի թողնել, որ նրանք վերադառնան և ավելի ոգևորեն հայասպանության հարցը Ադրբեջանում»:
Զրույցը՝ Լևոն Փանոսյանի