Բանգլադեշում լաստանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 65-ի և կշարունակի աճել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily star թերթին, փետրվարի 23-ին այս մասին լրագրողներին հայտնել է Մանիգանջի օկրուգի ոստիկանության ներկայացուցիչ Ռաքիբուզ Զամանը:
Ոստիկանի տվյալներով՝ 65 մարմին է հանվել ափ: Նրանցից շուրջ 30-ը, այդ թվում 8 երեխա, արդեն ճանաչվել է և հանձնվել հարազատներին: Նախնական գնահատումներով՝ «Մուստաֆա» երկտախտակամած լաստանավում եղել է 200 ուղևոր, դրա հարկաբաժինների մահացու ծուղակում կարող էր հայտնվել մոտավորապես 90-100 մարդ: Առնվազն 41 ուղևոր համարվում է անհայտ կորած, փրկվել է 60 հոգի:
Լուսաբացին ողբերգության վայրին է մոտեցել է «Ռուստամ» նավը՝ հանդերձված հատուկ տեխնիկայով, այդ թվում՝ էլեկտրական ամբարձիչ-կարապիկներով, որը ջրասույզ եղած լաստանավը քարշակել է ափին ավելի մոտ: Ներկայումս կատարվում է բոլոր նավախցերի ստուգում: Իշխանությունները նշում են, որ առայժմ գործնականում հնարավոր չէ ստույգ տվյալներ հայտնել զոհվածների և անհայտ կորածների մասին, քանի որ լաստանավի սեփականատերը տոմսերի վաճառքի գրանցում չի կատարել:
«Մուստաֆա» լաստանավը ջրասույզ է եղել փետրվարի 22-ին Փադմա գետում՝ մայրաքաղաք Դաքայից 70 կիլոմետր հեռավորության վրա, բեռնատար նավի հետ բախման հետևանքով: «Նարգիզ-1» բեռնատարը, որի հետ բախումը դարձել է մարդատար նավի խորտակման պատճառ, կալանված է: Դրա նավապետը և անձնակազմի երկու անդամները կալանավորված են նավի կառավարման կանոնների խախտման մեղադրանքով, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: