Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Ուկրաինային 2015-ին ընդհանուր 1 միլիարդ եվրոյի վարկ կտրամադրի, փոխանցել է korrespondent.net-ը:
Այդ մասին երկուշաբթի ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է բանկի ղեկավար Վերներ Հոյերը:
«Անցած տարի Եվրոպական խորհրդի խնդրանքով Եվրոպական ներդրումային բանկը պարտավորություն է ստանձնել կրկնապատկել Ուկրաինայում (2014-2016 թվականներին) նախագծերի վարկավորման եռամյա ծրագիրը՝ այն հասցնելով մինչև 3 միլիարդ եվրոյի: Մենք կատարել ենք այդ պարտավորությունը՝ Ուկրաինային 2014 թվականին տրամադրելով 1 միլիարդ եվրո: Ընթացիկ տարում մենք կրկին Ուկրաինային կտրամադրենք 1 միլիարդ եվրոյի վարկ»,- ասել է Հոյերը:
Այդ գումարները 2014 թ. համաձայնեցված բանկի եռամյա ներդրումային ծրագրի մասն են կազմում:
Եվրոպայի ներդրումային բանկում Ուկրաինային մեկ միլիարդ եվրոյի չափով վարկ տրամադրելու մասին որոշումը կայացվել է 2014 թվականի դեկտեմբերին: