ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվելն այնքան էլ հեշտ չէ և խոցելի է,- տեղեկացնում է Orer.am-ը:
Ըստ Իգիթյանի՝ խոսքը հատկապես այն մարդկանց մասին է, ովքեր զբաղվում են բիզնեսով: Պարոն Իգիթյանը դրանում է տեսնում պատճառը, որ վերջին սրացումների փուլում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ունեցավ խնդիրներ:
«Այն, ինչ ներվում է ընդդիմադիր քաղաքական գործիչներին, օրինակ ինձ և մնացածներին, չի ներվելու որևէ գործարարի Հայաստանում: Իմ կարծիքով՝ Ծառուկյան Գագիկին առաջին հերթին չներվեց ուրիշների քաղաքական գործունեության ֆինանսավորումը և որոշ հայտարարությունները, որոնք բնորոշ են ընդդիմադիր գործիչներիս»,- նշել է Հովհաննես Իգիթյանը:
Խոսելով ընդդիմադիր դաշտի ապագայի մասին՝ Հ. Իգիթյանը ասաց, որ դաշտը վաղուց ազատ է, որովհետև եթե ուժերն իրենց անվանում են «ոչ իշխանական» կոչվող կոմպրոմիսային տարբերակով, դրանով իրենց մի փոքր տարանջատում են ընդդիմադիր լինելուց:
Բանախոսը հավելում է, որ կուսակցությունները չեն կարող միավորվել, որպեսզի պայքարեն կարմիր գծերի դեմ, նրանք պետք է գաղափարական գիծ ունենան, որպեսզի երկար համագործակցության հիմքեր ունենան:
Լևոն Փանոսյան