«Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ մտնող «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը պարտավորագիր է կնքել Բելառուսի հետ, որի համաձայն քաղաքացիական ուղղաթիռների խմբաքանակ է մատակարարելու այդ երկրին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Լենտա.Ռու»-ին, այդ մասին լրագրողներին հայտնել է «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:
Պարտավորագիրը, ըստ որի բելառուսական կողմն ստանալու է 12 Մի-17 ուղղաթիռներ, կնքվել Է Աբու Դաբիում ընթացող IDEX-2015 զենքի միջազգային ցուցահանդեսում: Գործարքի կատարման ժամկետները, ինչպես նաև արժեքը, չեն ճշտվում:
Ավելի վաղ Զեմեզովը հայտնել էր, որ, 2014 թվականի արդյունքներով, «ՌոսօբորոնԷքսպորտը» արտասահմանում վաճառել է 13 մլրդ դոլար գումարի սպառազինություն և ռազմական տեխնիկա: Նրա խոսքով՝ 2015 թվականին նույնպես ծրագրվում է կնքել նույնքան կամ ավելի գումարի պարտավորագրեր:
IDEX-2015 ցուցահանդեսը բացվել է փետրվարի 22-ին: Այն Արաբական Միացյալ Էմիրություններում 1993 թվականից ի վեր անցկացվում է երկու տարին մեկ: Համաժողովի ընթացքում կնքվող պարտավորագրերի ընդհանուր գումարը հասնում է հարյուր միլիոնավոր դոլարի: