Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 23-ին, Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները գնացել էին Շիրակի մարզի դատախազություն և շենքի մոտ որոշ ժամանակ մնալուց հետո բարձրացել մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակ` պահանջելով հանդիպել կամ հեռախոսով խոսել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ եւ ստանալ հետաքննությանը վերաբերող և իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Հիշեցնենք, որ սպանվածների հարազատները դատախազին տվել էին ընդամենը մեկ օր ժամանակ, որպեսզի վերջինս ի կատար ածի իրենց պահանջները:
Ավետիսյանների հարազատների` Ասլանյանին ուղղված պահանջների վերաբերյալ, Orer.am-ը մեկնաբանություն ստացավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից.
«Ի՞նչ կապ ունի մարզի դատախազն այդ քրեական գործի հետ: Ավետիսյանների հարազատները պետք է գան Երեւան, այլ ոչ թե գնան մարզի դատախազի հետ հանդիպեն, եթե, իհարկե, նրանք, ինչպես դուք նշեցիք, ցանկանում են հանդիպել ՀՀ գլխավոր դատախազի հետ: Այդ գործը տվյալ դատախազի վարույթում չէ, իր հսկողության ներքո չէ»:
Սոսե Չանդոյան