Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ Կոնգրեսում բանակցություններ կվարի Ուկրաինային զինամթերք տրամադրելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը` հղում անելով Սաակաշվիլիի Facebook սոցկայքում արված գրառմանը:
Նա գրել է, որ առաջին հանդիպումն անցկացրել է «Մագնիտսկու ցուցակի» հեղինակ սենատոր Բեն Կարդինի հետ, նախատեսված է 34 հանդիպում Սենատի, Ներկայացուցիչների պալատի տարբեր հանձնաժողովների և այլ քաղաքական առաջնորդների հետ:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Պարուբին Վաշինգտոն է տարել ուկրաինացի ուժայինների հետ համաձայնեցված անհրաժեշտ զինամթերքի ցուցակը, որը կարող է տրամադրել ԱՄՆ-ն:
Ինչպես հաղորդել է փոխխոսնակը` ցուցակն արդեն փոխանցվել է ԱՄՆ նախագահին: Սակայն Պարուբին նշել է, որ մտադիր է փաստաթուղթը ներկայացնել նաև ամերիկացի այլ պաշտոնատար անձանց, ովքեր «ունեն որոշման կայացման հետ անմիջական կապ»: