Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանն ԱԱԾ-ի նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը տարակուսանք հայտնեց, որ կիսապատերազմական դրության մեջ գտնվող երկիրն արդեն ինն ամիս է, ինչ Ազգային անվտանգության խորհուրդը քարտուղար չունի,-տեղեկացնում է Orer.am-ը:
Ըստ նրա՝ խայտառակություն է, երբ սահմանին տասնյակ զոհեր են լինում, իսկ Ազգային անվտանգության խորհուրդը ղեկավար չունի: Եղիազարյանի կարծիքով՝ այս համատեքստում անսպասելի է, երբ հիշատակում են, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը` որպես ԱԽ անդամ, Անվտանգության խորհրդի և ԱԺ-ի աշխատանքներին չի մասնակցել:
Գուրգեն Եղիազարյանին նաև զարմացնում է այն, որ իշխանությունները վերջերս շատ ակտիվ կերպով են շոշափում կոռուպցիայի և դրա դեմ պայքարի հանձնաշողովի ստեղծման թեման:
«Նախկին կոռուպցիոներներից մեկը՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան է նշանակվել: Տնտեսությունն իսպառ սպառած անձը օվկիանոսից այն կողմ լայն ժպիտով ամերիկացի պաշտոնյաների հետ է հանդիպում»,- ընդգծեց նա:
Խոսելով ԲՀԿ-ի գալիք համագումարի և Գագիկ Ծառուկյանի հետագա քաղաքական գործունեության մասին՝ Եղիազարյանը նշեց, որ չի հավատում, թե Գագիկ Ծառուկյանը կդադարի զբաղվել քաղաքականությամբ, քանի որ մարդկանց մոտ որոշակի հավատ և վստահություն կա:
Լևոն Փանոսյան