Մոսկվայի կենտրոնում ռուս ընդդիմադիր գործչի՝ Բորիս Նեմցովի սպանությունը հարված է առաջադեմ մարդկությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, ասված է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարության մեջ:
«Նա այն քաղաքական գործիչն է, որը վերջին երկու տասնամյակում անդուլ կերպով պայքարում էր դեմոկրատական իդեալների և ազատությունների պաշտպանության համար»,- նշվում է փաստաթղթում:
Իր հերթին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, թե ցնցված է Նեմցովի սպանությունից և հույս ունի, որ մեղավորները կպատժվեն:
«Ես կտրականապես դատապարտում եմ այդ ահավոր բռնությունը, հուսով եմ, որ այդ դաժան հանցագործությունը կատարած անձինք կբացահայտվեն և պատասխան կտան օրենքի առաջ»,- ասված է Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ: