Արգենտինայի մի շարք մարզերում առնվազն 12 մարդ է զոհվել ուժեղ ջրհեղեղների հետևանքով: Այդ մասին ինչպես փոխանցում է ՌԻԱ «Նովոստին», հաղորդել են տեղի իշխանությունները:
Մեքսիկական Excelsior պորտալի տվյալներով՝ Կորդոբա մարզում 10 մարդ է մահացել, Սանտյագո դել Էստերո մարզի իշխանությունները հաստատել են 2 քաղաքացու մահը: Ավելի վաղ պաշտոնապես հաղորդվում էր 1 մարդու մահվան և ևս մեկի անհետացման մասին:
Կորդոբայում տարհանված մարդկանց թիվը գերազանցել է 1400-ը: Եվս 3300 մարդ տարհանվել է Սանտյագո դել Էստերոյում:
Փրկարար ծառայություններն առաջիկա օրերին սպասում են Արգենտինայում հորդառատ անձրևների դադարին:
Greenpeace էկոլոգիական կազմակերպությունը հայտարարել է, որ Արգենտինայի կենտրոնական մասում ջրհեղեղներն անտառների զգալի մասի հատման և գյուղատնտեսական հողերի ընդլայնման հետևանք են, քանի որ վերացել է առատ տեղումներից հետո ջրի տարածման բնական պատնեշը: