Արևմտյան երկրների և Ռուսաստանի սահմանած փոխադարձ տնտեսական պատժամիջոցներն ազդեցություն կունենան նաև Ղազախստանի վրա: Այդ մասին երեքշաբթի երկրի խորհրդարանի նիստին հայտարարել է նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Խորհրդարանի նոր նստաշրջանը սկսվում է դժվարին պայմաններում: Համաշխարհային տնտեսության մեջ անկայունությունը պահպանվում է, խորանում են աշխարհաքաղաքական վտանգները, այդ թվում՝ Ուկրաինայում զարգացող իրադարձությունների պատճառով միջազգային հարաբերությունների բարդացման ֆոնին»,- ասել է Նազարբաևը:
«Փոխադարձ պատժամիջոցներ են միմյանդ հանդեպ սահմանել պետություններ, որոնք արտադրում են ընդհանուր առմամբ համաշխարհային ՀՆԱ-ի 60 տոկոսը: Այս ամենը լուրջ ճշգրտումներ, փոփոխություններ են ենթադրում ստեղծված միջազգային տնտեսական հարաբերություններում և աշխարհակարգում, դա կբերի մեր գործընկերների տնտեսական աճի անկման, ինչը կազդի նաև մեր վրա»,- հավելել է նա:
Նազաբաևը նաև ընդգծել է երկրի տնտեսության, ժողովրդի բարեկեցության և ազգային անվտանգության համար հնարավոր բացասական մարտահրավերները կանխելու միջոցներ ձեռնարկելու կարևորությունը: «Կարևոր է խորհրդարանի և կառավարության համակարգված աշխատանքը, որպեսզի ճիշտ օգտվենք բացվող հնարավորություններից»,- եզրափակել է նա: