ՈՒկրաինայում գործող ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությունը քսան զրահամեքենա է ստացել Եվրամիությունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, փոխադրամիջոցների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Կիևում: Դրան մասնակցել են առաքելության ղեկավար Էրթուգրուլ Ապականը, ՈՒկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին, ԵՄ-ի քաղաքացիական անվտանգության բարեփոխման առաքելության ղեկավար Կալման Միժեյը:
Ինչպես հայտնել է Տոմբինսկին, այդ զրահամեքենաները փոխանցել է «ՈՒկրաինայում ԵՄ-ի կոնսուլտացիոն առաքելությունը», դրանք ավելի վաղ Եվրոպայում օգտագործվել են տարբեր առաքելությունների կողմից: «Եվրամիությունը փորձում է ՈՒկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությանն աջակցել հնարավոր բոլոր միջոցներով, ներառյալ այս ավտոմեքենաները»,-հայտարարել է եվրոպական ներկայացուցչության ղեկավարը:
Ապականը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ ընդգծելով, որ զրահամեքենաներն առաքելությանն անհրաժեշտ են, որպեսզի նա «կարողանա ամբողջ ծավալով կատարել իր պարտավորությունները»: «Ավտոմեքենաներն արդեն մի քանի անգամ ցույց են տվել մեր դիտորդներին և տեղական անձնակազմին պաշտպանելու ընդունակությունը»,-ասել է Ապականը: