ԱՄՆ-ը և Գերմանիան ենթադրում են, որ անջատողականների կողմից Մինսկի պայմանավորվածությունների խախտումը կարող է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման պատճառ դառնալ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո ծառայությունը՝ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Սյուզան Ռայսի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հանդիպման արդյունքներով։ Այս մասին հայտնում է TASS-ը:
Քննարկելով Ուկրաինայում իրավիճակը՝ զրուցակիցները «համաձայնել են, որ բոլոր կողմերը պետք է ամբողջությամբ կատարեն Մինսկի պայմանավորվածությունները, այդ թվում՝ դադարեցնեն ցանկացած ռազմական գործողություն, համագործակցեն ԵԱՀԿ-ի հետ՝ դիտորդներին հնարավորություն տալով վերահսկել ծանր սպառազինության դուրսբերումը, ինչպես նաև ազատեն բոլոր գերիներին»:
Ռայսը և Շտայնմայերը հաստատել են, որ Մինսկի պայմանավորվածությունների խախտումը կամ Ուկրաինայի հարավ-արևելքում «նոր տարածք զավթելու» անջատողականների փորձերը կարող են «զգալիորեն բարձրացնել այն գինը, որը ստիպված կլինի վճարել Ռուսաստանը»՝ կապված հարևան պետությունում հակամարտության հետ: Նման արտահայտություններով Վաշինգտոնում խոսում են արևմտյան պատժամիջոցների մասին՝ ընդդեմ Մոսկվայի:
Բացի դրանից՝ նրանք քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունների ընթացքը։