Ուկրաինան Հաղթանակի օրը կնշի մայիսի 8-ին և 9-ին
ՄիջազգայինՈւկրաինայում Հաղթանակի օրվա տոնակատարությունը տեղի կունենա մայիսի 8-ին և 9-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է հանրապետության մշակույթի նախարար Վյաչեսլավ Կիրիլենկոն:
«Կառավարությունը մայիսի 9-ը՝ որպես Հաղթանակի օր, չեղյալ չի հայտարարի: Դրա հետ մեկտեղ, կառավարությունը կառաջարկի պատշաճ կերպով մեծարել նաև մայիսի 8-ը՝ ինչպես ամբողջ Եվրոպայում»,- նախարարի խոսքը մեջբերել է ՈՒՆՆ գործակալությունը:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նախօրյակին Գերագույն ռադայի կոալիցիոն խմբակցություններից մի խումբ պատգամավորներ Ուկրաինայի խորհրդարան են ներկայացրել «Հիշատակի և հաշտության օրվա մասին» օրինագիծը: Ժողովրդական պատգամավորներն առաջարկել են Հաղթանակի օրը և հանգստյան օրը մայիսի 9-ից փոխադրել մայիսի 8: Իրենց նախաձեռնությունը նրանք պայմանավորել են նրանով, որ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը հարգում են մայիսի 8-ին:
Ավելի վաղ նախագահ Պյոտր Պորոշենկոն սահմանել է նոր զինվորական տոն՝ Ազգային գվարդիայի օրը, որը կնշվի մարտի 26-ին: