Հարավային Կորեայում «Սեւոլի» խորտակման զոհերի ընտանիքները մինչեւ 685 հազար դոլար փոխհատուցում կստանան
ՄիջազգայինՀարավային Կորեայի կառավարությունը կսկսի փոխհատուցումներ վճարել մոտավորապես մեկ տարի առաջ «Սեւոլ» մարդատար լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների եւ անհայտ կորածների ընտանիքներին: Այդ մասին ապրիլի 1-ին հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը:
«Սեւոլի» մարդատար լաստանավը խորտակվել Է 2014 թվականի ապրիլի 16-ին: Հարավային Կորեայի արդի պատմության մեջ ամենախաշոր ողբերգություններից մեկի զոհ Է դարձել 295 մարդ, որոնցից 250-ը 15-ից մինչեւ 19 տարեկան դպրոցականներ են: Մինչ այժմ չեն գտնվել ինը մարդու մարմիններ: Ընդամենը վթարի պահին նավի վրա եղել Է 476 մարդ: Լաստանավի խորտակման հետեւանքով անհայտ կորածների որոնման գործողությունը դադարեցվել Է 2014 թվականի նոյեմբերին՝ կապված դրա անցկացման բարդության հետ:
Գործակալության տվյալներով՝ զոհված յուրաքանչյուր դպրոցականի համար փոխհատուցում Է նախատեսված մինչեւ 420 մլն վոնի (մոտավորապես 378 հազար դոլար) չափով: Այդ չարաբաստիկ ուղեւորության ընթացքում աշակերտներին ուղեկցող ուսուցիչների ընտանիքներին նախատեսվում Է վճարել մինչեւ 760 մլն վոն (մոտավորապես 685 հազար դոլար): «Սեւոլի» անհայտ կորած ուղեւորների ընտանիքները նույնպես ներառված են փոխհատուցման վճարումների ցուցակներում:
Զոհվածների ընտանիքները նաեւ 200-ական միլիոն վոն (180 հազար դոլար) պետք Է ստանան կամավոր նվիրատվություններից: Բացի այդ, դպրոցականների ընտանիքները լրացուցիչ կստանան 100-ական միլիոն վոն (մոտավորապես 90 հազար դոլար) ապահովագրական վճարներ:
Ողջ մնացած ուղեւորների եւ անձնակազմի անդամների համար փոխահատուցման չափը կհաշվարկվի՝ ելնելով նրանց տարիքից, աշխատանքի առկայությունից եւ եկամտի մակարդակից: Փոխհատուցումների ցուցակներում ներառված չեն անձնակազմի այն 15 անդամները, որոնք դատապարտվել են լաստանավի խորտակման գործով: Փոխհատուցումների վճարումն սկսելու ստույգ ամսաթիվն առայժմ չի նշվում:
Լաստանավի խորտակման գործով մեղադրվում Է 399 մարդ, ձերբակալված են 154-ը: 2014 թվականի նոյեմբերին Հարավային Կորեայի Կվանջու քաղաքի դատարանը «Սեւոլի» նավապետին, որն ուղեւորի տեսքով առաջիններից մեկն Է լքել խորտակվող նավը, մեղավոր Է ճանաչել արտակարգ իրավիճակում անփութություն դրսեւորելու մեջ, ինչը հանգեցրել Է մարդկանց զոհվելու, եւ նրան դատապարտել Է 36 տարվա բանտային կալանքի: Անձնակազմի եւս 14 անդամներ դատապարտվել են 5-ից մինչեւ 30 տարվա ազատազրկման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: