Գաել Անդոնյանն իսկական պրոֆեսիոնալ է. Մարսելո Բիելսա
SportՄարսելի «Օլիմպիկ»-ի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան գովեստի խոսքեր է ասել Հայաստանի հավաքականի պաշտպան, ֆրանսիական ակումբի երիտասարդական թիմի ավագ Գաել Անդոնյանի հասցեին: Ինչպես հաղորդում է Footmercato.net-ը, Բիելսան հայտնել է, որ հիանում է Գաել Անդոնյանի խաղով: «Ես գնահատում եմ նրա խաղը ու հիանում նրանով: Նա իսկական պրոֆեսիոնալ է: Այս տարիքում Գաելը սովորել է ամեն բան, ինչ պահանջվում է: Անդոնյանը բոլոր որակներն ունի կենտրոնական պաշտպանի դիրքում խաղալու համար»,- ասել է Բիելսան:
Մարսելի «Օլիմպիկ»-ի մարզիչը հիշեցրել է, որ Գաել Անդոնյանը երիտասարդական թիմի ավագն է ու անընդհատ առաջադիմում է: «Այսօր նա քիչ հնարավորություն է ստանում, քանի որ թիմում կան ՆʹԿուլուն, Ֆանին, Մորելը և Ալոեն, ովքեր քիչ հնարավորություն են տալիս նրան: Նույնը կարելի է ասել նաև Սպարանյայի մասին: Անդոնյանն ու Սպարանյան հիանալի ֆուտբոլիստներ են»,- ասել է արգենտինացի աշխարհահռչակ մարզիչը:
Մարսելի «Օլիմպիկ»-ի 20-ամյա հայազգի պաշտպան Գաել Անդոնյանը մարտի 29-ին իր առաջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Եվրո 2016-ի ընտրական փուլի Ալբանիա-Հայաստան մրցավեճում Անդոնյանը խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում և մասնակցեց ողջ հանդիպմանը: Անդոնյանը Մարսելի «Օլիմպիկ»-ի երիտասարդական թիմի ավագն է, և, չնայած երիտասարդ տարիքին, արդեն մեկ հանդիպում անցկացրել է ֆրանսիական հեղինակավոր ակումբի հիմնական կազմում: