«Բորուսիա» - «Բավարիա». Մարզիչների կարծիքները
SportԴորտմունդի «Բորուսիայի» եւ Մյունխենի «Բավարիայի» միջեւ գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրի կենտրոնական խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով:
Յուրգեն Կլոպ («Բորուսիա»). «Բորուսիան» հիանալի անցկացրեց մեկնարկային 15 րոպեները, սակայն Լեւանդովսկին վճռեց հանդիպման ելքը: Կցանկանայի նշել, որ մրցավարը 11 մետրանոց չնշանակեց մեր օգտին: Ալոնսոյի եւ Օբամեյանգի միջեւ բախումն ակնհայտ էր: Ինչ վերաբերում է Իմոբիլեին, ապա նա լավ ֆիզիկական վիճակում չէր, այդ պատճառով չէր հայտավորվել խաղին»:
Խոսեպ Գվարդիոլա («Բավարիա»). «Առաջին խաղակեսում մեզ համար շատ դժվար էր: Ընդմիջումից հետո լավ էինք պաշտպանվում, սակայն ընդհանուր առմամբ վատ խաղացինք: Ամեն դեպքում, կարողացանք պահպանել հաղթական հաշիվը: «Բորուսիային» հաղթելն այնքան էլ հեշտ չէ եւ մենք քայլ առաջ կատարեցինք: Այժմ պետք է հաղթենք եւս 4 խաղ, որպեսզի ապահովենք չեմպիոնական տիտղոսը»,- փոխանցում է Bild-ը:
Հիշեցնենք, որ «Բորուսիայի» նախկին հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու գոլի շնորհիվ «Բավարիան» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ Դորտմունդում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրորդ խաղում անընդմեջ մնացել էր «Բորուսիայի» փոխարինողների թվում եւ խաղադաշտ դուրս եկավ 79-րդ րոպեին՝ հանդես գալով հենակետային կիսապաշտպանի դիրքում: