Օբաման հանդես է եկել ի պաշտպանություն իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքման
International newsԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իսրայելի թուլացումը, եթե դա տեղի ունենա իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ստորագրման արդյունքում, կդառնա ԱՄՆ-ի վարչակազմի արտաքին քաղաքականության ձախողումը:
«Եթե նախագահի պաշտոնում իմ գտնվելու ընթացքում կամ այն բանի արդյունքում, ինչ ես արել եմ, Իսրայելը վերածվի ավելի խոցելի պետության, ես դա կդիտարկեմ որպես իմ ձախողումը, իմ նախագահական ժամկետի լիակատար ձախողումը»,- ասել է Օբաման The New York Times թերթին տված հարցազրույցում:
Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է. «Ինչպես Իրանի, այպես էլ պաղեստինյան հիմնախնդրի շուրջ վարչապետ Նաթանյահուի հետ մեր տարաձայնությունների թեժ պահին անգամ ես վստահությամբ ասում եմ, որ Իսրայելի պաշտպանությանը վերաբերող մեր պարտավորություններն անխախտ են մնում»:
Միաժամանակ Օբաման հանդես է եկել ի պաշտպանություն իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքման:
«Ակներեւ է, որ չկա գործողությունների ավելի արդյունավետ դեղատոմս, որոնք կկանխեին Իրանի կողմից նոր զենքի ստեղծումը, բացի դիվանագիտական այն նախաձեռնություններից, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներից, որոնք մենք մշակել ենք»,- ասել է նա:
Սպիտակ տան ղեկավարն ընդունել է, որ Իսրայելը «իրավացի է՝ անհանգստություն դրսեւորելով», եւ հավաստիացրել Է. «Միանալով գործարքին՝ մենք հստակ ազդանշան ենք ուղարկում իրանցիներին, ամբողջ տարածաշրջանին, որ եթե որեւէ մեկը ոտնձգություն կատարի Իսրայելի դեմ, Ամերիկան կլինի Իսրայելի հետ»:
Նաթանյահուն ապրիլի 5-ին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում վերստին քննադատության է ենթարկել Իրանի հետ «վեցյակի» համաձայնագիրը՝ այն որակելով «վատ» եւ Իսրայելին «սպառնացող»:
«Այդ համաձայնագիրը հետ չի շրջի իրանական միջուկային ծրագիրը»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: