Լիբանանյան բանակը հսկողություն է հաստատել Մխեյրամե բլրի վրա
International newsԼիբանանյան բանակն ապրիլի 7-ին ռազմական գործողություններ է ծավալել Ռաս Բաալբեք լեռնային շրջանում և հսկողություն հաստատել Մխեյրամե բլրի վրա: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ռազմական գործողությունների ժամանակ սպանվել են այնտեղ դիրքավորված ահաբեկիչները, որոնց թիվը չի նշվում:
Լիբանանյան բանակը շարունակում է ռմբակոծել Ռազ Բաալբեքի բարձունքները:
Տեղեկություններ կան այն մասին, որ զինված ահաբեկչական խմբավորումը ապրիլի 5-ի երեկոյան փորձել է ներխուժել Արսալ, սակայն, դա չի հաջողվել: Արդյունքում՝ մեկ ահաբեկիչ՝ սպանվել, մյուսը ձերբակալվել է:
Սիրիա-լիբանանյան սահմանի մոտ գտնվող Արսալի շրջանում պարբերաբար բախումներ են ընթանում լիբանանյան բանակի և զինված խմբավորումների միջև՝ պատճառելով մարդկային կորուստներ: Սիրիական հակամարտության շուրջ 4 տարում սիրիա-լիբանանյան սահմանամերձ տարածքներում հաճախակի բախումներ են ընթանում: Լիբանանն ամրապնդել է իր ուժերը սահմանին՝ փորձելով խուսափել ԻՊ-ի հնարավոր ներխուժումներից: