Իրանական թերթը Էրդողանին «Դոն Քիշոտ» է անվանել
International newsԻրանում բարեփոխումների կողմնակից թերթերից «Շահրավենդ»-ը Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` այսօր Իրան կատարած այցին նվիրված ծաղրանկար է հրապարակել: «Օսմանցի Դոն Քիշոտը Թեհրանում» վերնագրով ծաղրանկարը մեկնաբանել է BBC-ի իրանական բաժինը:
Մեկնաբանության մեջ նշվում է, որ տարածաշրջանում Իրանի հեղինակությանը Էրդողանի դեմ հանդես գալը եւ վերջինիս կողմից Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու մեծ ցանկությունը նման է հողմաղացի դեմ Քոն Քիշոտի միայնակ կռվելուն:
Իրանական բարեփոխիչներին մոտ կանգնած «Շարգ» թերթը խստորեն քննադատել է Իրանի հետ կապված՝ Թուրքիայի Նախագահի վերջին հայտարարությունները եւ նշել, որ այդ հայտարարությունները ստվերել են Իրան կատարած նրա այցը:
«Ջումհուրի իսլամի» թերթն էլ խիստ մեղադրանքներ է հասցեագրել Էրդողանին: Թերթը գրել է, որ Էրդողանը ցինիկաբար հայտարարել է, թե Իրանն աշխատում է գրավել «Իսլամական պետության» տեղը, ինչի համար նրա այդ այցն Իրան առիթ պետք է հանդիսանար իրանական ժողովրդից եւ կառավարությունից ներողություն խնդրելու համար:
Եմենում զարգացումների հետ կապված Էրդողանը քննադատության էր ենթարկել Իրանին եւ մեղադրել տարածաշրջանում գերիշխանության ձգտելու մեջ: Այս հայտարարություններից հետո Իրանի խորհրդարանի մի շարք պատգամավորներ Էրդողանին կոչ էին արել Իրան չգալ եւ պահանջել էին հետ վերցնել Իրանի դեմ հնչեցրած մեղադրանքները: