ԱՄՆ-ի ազգային ռադիոն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը
International newsՄիացյալ Նահանգների ազգային ռադիոն ապրիլի 8-ի առավոտյան ծրագրում Հայոց ցեղասպանության մասին յոթ րոպեանոց հաղորդում է պատրաստել: Ամերիկյան հանրային ռադիոյի տաղավարում հյուրընկալել են Օքսֆորդի համալսարանի Մերձավորարեւելյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Յուջին Ռոգանին, ով նաև «Օսմանյան կայսրության անկումը» գրքի հեղինակն է:
Բանախոսը պատմական անդրադարձ է կատարել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության թեմային: «Դատական գործերի ժամանակ ներկայացված վկայությունների համաձայն՝ երիտթուրքերը բանավոր հրահանգներ են տվել բնաջնջել հայերին: Տեղահանությունների ժամանակ տղամարդկանց և կանանց առանձնացնում էին միմյանցից, տղամարդկանց՝ սպանում, իսկ կանանց՝ աքսորում այնպիսի պայմաններով վայրեր, որտեղ քչերը կարող էին գոյատևել»,- նշել է «Օսմանյան կայսրության անկումը» գրքի հեղինակը:
Առավոտյան ծրագրի հեղինակն իր զարմանքն ու ապշանքն է հայտնել, թե որքան մանրակրկիտ և անգամ գիտականորեն էր կանխամտածված հարյուր հազարավոր հայերի կոտորածը: Նշվել է, թե անվիճելի փաստ է, որ Հայոց ցեղասպանությունը նորագույն պատմության և 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: