Ցյուրիխյան արձանագրություններն ուրացում էին. Լյուդմիլա Սարգսյան
PoliticsԱյսօր լրագրողներին են հանդիպել ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ու ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը,- հայտնում է Orer.am-ը:
Բանաոսները տեսակետներ հնչեցրեցին արտաքին և ներքին քաղաքականության տարբեր հարցերի շուրջ: Խոսելով «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման գործունեության և «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալության մասին՝ Արտակ Դավթյանն ասաց, որ յուրաքանչյուրի իրավունքն է կազմակերպել հանրահավաքներ և պարտադիր չէ, որ բոլոր ուժերն համակարծիք լինեն իշխանությունների հետ: «Ապրիլքսանչորսյան միջոցառումները մենք պետք է անցկացնենք հավուր պատշաճի: Մենք մեր մեջ չպետք է ներքին թշնամիներ փնտրենք»,- ասաց Դավթյանը:
ՀԱԿ պատգամար Լյուդմիլա Սարգսյանն էլ ասաց, որ երկիրը նման է վառոդի տակառի, և իշխանության նկատմամբ հավատը վաղուց մարել է: Լ.Սարգսյանը սխալ է համարում Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը: Ըստ նրա՝ կային այլ մեթոդներ. կարելի էր կանխել նաեւ հանդիպելով, շփվելով, խոսելով, որոշակի բացատրական աշխատանք տանելով:
Անդրադառնալով ՀՀԿ տիկնանց՝ Ծիծեռնակաբերդի ակցիայի ժամանակ ուրախ ժպիտների թեմային՝ Արտակ Դավթյանն ասաց, որ չի կարելի նման կադրեր անել և տիրաժավորել դրանք: Ըստ նրա՝ կանայք պարզապես վաղուց չէին հանդիպել: Այս թեմայի շուրջ Լյուդմիլա Սարգսյանը խորհուրդ տվեց հրապարակային գործունեությամբ զբաղվող կանանց ավելի զգույշ լինել, քանի որ վերջիններս տղամարդկանցից խոցելի վիճակում են:
Տիկին Սարգսյանը կարծիք հնչեցրեց նաև հայ-թուրքական հարաբերությունների և տապալված արձանագրությունների մասին: Նրա համոզմամբ՝ Ցյուրիխյան արձանագրություններն ուրացում էին, և Ցեղասպանության հարցը չէր կարելի դնել կասկածի տակ: Շատ երկրներ այժմ շահարկում են պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կետը, որն էլ ինչ-որ չափով կանգնեցրեց Ցեղասպանության ճանաչման գործընթացը:
Լևոն Փանոսյան