Ընդդիմադիր պատգամավորը Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածի մասին
PoliticsԾիծեռնակաբերդում ՀՀԿ կանանց կազմակերպած միջոցառման հետ կապված, Orer.am-ը ներկայացնում է նաեւ ընդդիմադիր թեւի կին պատգամավորուհիներից Լյուդմիլա Սարգսյանի տեսակետը, վերջինս նշեց.
«Երբ նմանատիպ երթեր են կազմակերպվում, մարդկանց պահվածքը բնականաբար պետք է համահունչ լինի խորհրդին՝ հանուն որի կազմակերպվել է այդ ամենը: Չեմ ցանկանում մտածել, որ այդքան անլուրջ մոտեցում է եղել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդի եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նկատմամբ, բայց, ամեն դեպքում, կարծում եմ, որ քննադատությունները նույնպես արդարացված են, քանի որ այն նկարները, որոնք տեղադրված են Facebook սոցիալական ցանցում, խոսում են այլ բանի մասին: Չնայած չեմ բացառում, որ մի պահ ինչ-որ մեկը շեղել է կանանց ուշադրությունը, որի հետեւանքով էլ համընդհանուր ծիծաղ է բռնկվել: Համենայն դեպս կցանկանամ այդպես մտածել, որպեսզի հայ կնոջ՝ հատկապես ճանաչում ունեցող կանանց մասին իմ դրական կարծիքը փորձեմ պահպանել»:
Պատգամավորը նաեւ նկատեց. «Իհարկե, դրանով չէ պայմանավորված մեր պահանջատիրությունը: 3000 կանանցով եւ նրանց վարքագծով չէ պայմանավորված այն, թե որքանով մենք իրավունք ունենք պահանջատեր լինելու: Պահանջատերը հենց մեր ժողովուրդն է եւ այն բոլոր մարդիկ, ովքեր ժառանգներն են ցաղասպանության: Մենք՝ որպես պետություն, իհարկե, մեր քայլերն այդ ուղղությամբ տանում ենք, եւ չեմ ուզում այդ ամենը կապել մեկ երթով»:
Թե արդյո՞ք կանանց պահվածքը լուրջ փաստի առջև կկանգնեցի Հայաստանին միջազգային հանրության շրջանակներում, Լ. Սարգսյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է հանրային կարծիքին, ապա Հայաստանում հանրային կարծիքը տեղի ունեցածի հետ կապված դրական չէ, սակայն ես չեմ կարծում, որ դա կարող է ազդել համաշխարհային հանրային տրամադրությունների վրա, որովհետեւ բոլոր երկրներն առաջին հերթին առաջնորդվում են եւ իրենց վերաբերմունքը դեպի Հայոց ցեղասպանությունն արտահայտում են՝ ելնելով իրենց քաղաքական շահերից:
Կարծում եմ, որ սա խորը հետք չի թողնի հարցի վրա, սակայն միաժամանակ զգոնության եւ բարեկրթության կոչ եմ անում, որ նման դեպքերում վարքագիծը համապատասխանի օրվա խորհրդին եւ նպատակին»:
Սոսե Չանդոյան