Իրաքյան ուժերի հարձակումից ԻՊ-ի 30 ահաբեկիչներ են սպանվել
International newsԻրաքյան ուժերն ապրիլի 10-ին Սալահ ադ Դին մարզի Դուջեյլ քաղաքում հարձակվել են «Իսլամական պետության» վրա՝ մեծ վնասներ պատճառելով նրանց: Ինչպես հաղորդում է լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, հարձակումն իրականացվել է երեք կողմերից, բախումների արդյունքում ԻՊ-ի 30 ահաբեկիչներ են սպանվել: Ձախողվել է ԻՊ-ի ահաբեկիչների՝ «Ալաս» նավթային դաշտ մտնելու փորձը: Բանակն ամբողջովին վերահսկում է տարածքը:
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Քարադա շրջանում ապրիլի 10-ին ականապատ մեքենա է պայթել: Նախնական տեղեկություններով, զոհվել է 4, և վիրավորվել՝ 11 մարդ:
Ավելի վաղ տեղեկութոյւններ էին ստացվել, որ «Իսլամական պետությունն» Անբարի մարզում 300 մարդկանց մահապատժի է ենթարկել: Անբարի մարզային խորհրդի ղեկավար Նայիմ ալ Քաուդը նշել է, որ ԻՊ-ի ձեռքով սպանվել են 300 անձինք, ովքեր անվտանգության ուժերի ներկայացուցիչներ են, մարզի բնակիչներ և քաղաքացիներ: Դեպքը տեղի է ունեցել Սիրիայի սահմանի մերձակայքում:
Իրաքյան ուժերը շարունակում են լայնածավալ ռազմական գործողություններ ծավալել Անբարի մարզում՝ նպտակակ ունենալով այն մաքրել ԻՊ-ից: Անվտանգության աղբյուրները հաստատել են, որ բանակն ահաբեկիչներին վռնդել է Ռամադի քաղաքի արևելքում գտնվող Սիջարիա և Ֆալլահաթ շրջաններից:
Անբարում լայնամասշտաբ ռազմական գործողությունները սկսվել են ապրիլի 7-ից: Իրաքյան անվտանգության ուժերը ցեղախմբերի հետ միասին ազատագրել են Ռամադի քաղաքի արևելքում գտնվող երկու շրջաններ, ինչպես նաև Անբարի մարզի արևելքում գտնվող յոթ գյուղեր: Մինչ այդ՝ մարտի 31-ին, ԻՊ-ց ազատագրվել էր Թիքրիթ քաղաքը:
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: