Եվրախորհրդարանը Էրդողանին քննադատել է սոցկայքերը արգելափակելու համար
International newsԵվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Անկարա կատարած այցի ընթացքում անընդունելի է անվանել Թուրքիայում սոցիալական ցանցերի արգելափակումը:
Այս մասին հայտնում է CNN Turk հեռուստաալիքը:
Անցյալ շաբաթ Ստամբուլի դատարանը Facebook, You Tube եւ Twitter սոցիալական կայքերի ղեկավարությունից պահանջել էր հեռացնել Ստամբուլի արդարադատության պալատում դատախազ Սելիմ Քիրազին պատանդ առնելու տեսալուսանկարահանման նյութերը, որին հետագայում հանցագործները սպանել էին: Դրանից հետո Թուրքիայի իշխանությունների հանձնարարությամբ այդ երկրի տարածքում սահմանափակվել էր You Tube եւ Twitter սոցկայքեր մուտքը:
«Սոցիալական ցանցերի արգելափակումը դեմոկրատական չափանիշների տեսակետից անընդունելի է: Միշտ էլ հնարավորություն կա սոցցանցերից հեռացնել այս կամ այն պատկերը, այլ ոչ թե արգելափակել ամբողջ սոցցանցը», -CNN Turk-ին հայտարարել էր Եվրախորհրդարանի նախագահը:
Նա հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է մամուլի ազատությանը վերաբերող հարցեր:
«Ես նրան բացատրեցի մեր դիրքորոշումը, ինքն` իր: Մենք սպասում ենք թուրքական կառավարության բովանդակալից պատասխանին», -հավելել է Շուլցը:
Անցյալ տարվա մարտին թուրքական կառավարության անդամների նկատմամբ կոռուպցիոն կոմպրոմատներ հրապարակվելու պատճառով դատարանի որոշմամբ Թուրքիայի ամբողջ տարածքում արգելափակվել էին Twitter եւ You Tube սոցիալական կայքերը: Սակայն, ապրիլի սկզբին Թուրքիայի սահմանադրական դատարանը խոստովանել էր, որ Twitter-Õ « արգելափակումը խախտում է օգտատերերի իրավունքները եւ վճռել էր չեղյալ համարել այդ որոշումը: Մայիսի վերջին նման որոշում ՍԴ-ն ընդունել էր նաեւ You Tube սոցցանցի համար:
Թուրքիայում Twitter-ի բաժանորդ են հանդիսանում մոտ 15 մլն մարդ: Այդ կայքում իրենց էջերն ունեն նաեւ Թուրքիայի նախագահը, վարչապետը եւ նախարարները: