Նորվեգիայում կանցկացվեն Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ
International newsՆորվեգիայում կանցկացվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Ինչպես տեղեկացրին Նորվեգիայի Հայկական մշակութային ասոցիացիայից, Նորվեգիայում նման մասշտաբով միջոցառումների անցկացումը վկայում է, որ մեծ գիտնական, հումանիստ, հայ ժողովրդի իրավունքների քարոզիչ Ֆրիտյոֆ Նանսենի երկիրն ու ժողովուրդը շարունակում են նրա առաքելությունը և արդարության վերականգնում են պահանջ ում՝ անկախ իրենց կառավորության վիճելի դիրքորոշումից:
Միջոցառումներ կանցկացվեն Օսլոյում, Բերգենում և Ստավանգերում: Դրանց իրականացմանը կմիանան տարբեր կազմակերպություններ և անհատներ:
Փետրվարին և մարտին արդեն անցկացվել է ավելի քան 12 հաջողված միջոցառում, որոնց մի մասը տեղի է ունեցել Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության և «Fritt Ord» հիմնադրամի աջակցությամբ: Ապրիլին այստեղ ավելի քան տասը տարբեր մշակութային ձեռնարկ կիրականացվի:
Ապրիլի 14-ին Օսլոյի Թագավորական տաճարում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը: Ապրիլի 18-ին հանրային դասախոսություն կանցկացվի հայտնի գործարար Գալուստ Գյուլբենկյանի մասին: Միջազգային PEN-ակումբի նորվեգական մասնաճյուղի ամենամյա հավաքի շրջանակում ապրիլի 21-ին Օսլոյում սեմինար կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով, որի ընթացքում կկազմակերպվի հանդիպում թուրք հայտնի իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուի հետ: Ապրիլի 24-ին Օսլոյում Հայոց ցեղասպանության ճանաչման քայլերթ տեղի կունենա: Նույն օրը Ստավանգերում պատարագ կմատուցվի Ցեղասպանության նահատակների հիշատակին: Բացի այդ, հիշատակի արարողություն տեղի կունենա Բերգենում:
Նորվեգիայի Հայկական մշակութային ասոցիացիան տեղեկացնում է նաև, որ վարչապետ Էրնա Սոլբերգը չի ընդունել հիշատակության միջոցառումներին Երևանում մասնակցելու հրավերը: