ԻՊ-ն Մոսուլում 200 մարդ է առևանգել
International news«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը Մոսուլի Սալամիա շրջանում շուրջ 200 անձանց է առևանգել: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, առևանգվածները հիմնականում բանակի զինվորներ ու սպաներ են: Քրդական փեշմերգա ուժերը Մոսուլի արևմուտքում գտնվող Սինջար քաղաքի Իսմայիլ և Նասր թաղամասերում հարձակվել են ԻՊ-ի վրա: Ահա բեկիչների վնասների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
ԻՊ-ի ահաբեկիչներն Անբարի մարզի Ռամադի քաղաքի հյուսիսում 15 խաղաղ բնակիչների են սպանել, որոնց մեծամասնությունը կանայք և երեխաներ են եղել: Ահաբեկիչները հարձակվել են բնակիչների տների վրա:
Իրաքի առողջապական աղբյուրները հաստատել են, որ Ռամադի քաղաքում բախումների և պայթյունների հետևանքով 46 մարդ է զոհվել և վիրավորվել: Երկու ականապատ մեքենաներ պայթել են Ալբու Ֆրաջ շրջանում, որից հետո ռազմական ուժեր են հասել այնտեղ և ամրապնդել իրաքյան ուժերի դիրքերը:
Անբարում լայնամասշտաբ ռազմական գործողությունները սկսվել են ապրիլի 7-ից: Իրաքյան անվտանգության ուժերը ցեղախմբերի հետ միասին ազատագրել են Ռամադի քաղաքի արևելքում գտնվող երկու շրջաններ, ինչպես նաև Անբարի մարզի արևելքում գտնվող յոթ գյուղեր:
Մինչ այդ՝ մարտի 31-ին, ԻՊ-ց ազատագրվել էր Թիքրիթ քաղաքը:
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: