Լիբանանում կայացել է Արշակ Փոլադյանի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքի շնորհանդեսը
International newsԼիբանանի Շթորա քաղաքի «Պարկ-հոթել» հյուրանոցում ապրիլի 10-ին տեղիէ ունեցել Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի «Ականատեսների հուշերը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին» գրքի շնորհանդեսը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այն հովանավորել են Լիբանանում ՀՀ դեսպանությունը և Լիբանան ի կենտրոնական Բեքաայի քաղաքապետարանների միությունը: Շնորհանդեսը կազմակերպել է ՀՅԴ Այնճարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մարմինը:
Շնորհանդեսին մասնակցել են Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանում ՀՅԴ ԿԿ անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին, նախկին նախարարներ, Լիբանանի խորհրդարանի անդամներ, կենտրոնական Բեքաայի քաղաքապետարանների միության նախագահ, դոկտոր Դրղամ Թուման, կրոնական գործիչներ, միութենական ներկայացուցիչներ և հայ ու արաբ հոծ բազմություն:
Ձեռնարկին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտեի անունից բացման խոսքով է հանդես եկել դոկտոր Կարո Փիլավջյանը, ով անդրադարձել է 19-րդ դարի 90-ական թվականներից մինչև Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում հայկական կոտորածներին, ինչպես նաև Սումգայիթի և հայկական այլ ջարդերին:
Դեսպան Փոլադյանի գիրքը միջոցառման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրել է Դամասկոսի համալսարանի դասախոս, դոկտոր Նորա Արիսյանը: Նա, մասնավորապես, ընդգծել է գրքի թե՛ գիտական արժանիքները, թե՛ նրանում զետեղված ականատեսների հուշերի կարևորությունը Հայոց ցեղասպանության հիմնախնդրի համակողմանի ուսումնասիրության համար:
Շնորհանդեսին ելույթ ունեցող կենտրոնական Բեքաայի քաղաքապետարանների միության նախագահ, դոկտոր Դրղամ Թուման բարձր է գնահատել հայերի դերը Լիբանանում, հատկապես Այնճարի զարգացման և բարգավաճման գործում:
Շնորհանդեսին գրքի հեղինակ, Սիրիայում ՀՀ դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանն անդրադարձել է հայ-արաբական բարեկամությանը, նշել է, որ 1915թ. Հայոց ցեղասպանությունն ամոթի խարան է Թուքիայի ճակատին:
Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել ՀՅԴ ԿԿ անդամ և Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին: Նա զուգահեռներ է անցկացրել Օսմանյան ղեկավարների և այժմյան Թուրքիայի իշխանությունների՝ հայերի և Մերձավորարևելյան տարածաշրջանի նկատմամբ որդեգրած քաղաքականության միջև:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երեկոն եզրափակել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ով հատկապես կարևորել է 2015թ. հունվարի 29-ին Երևանում ընդունված Համահայկական հռչակագիրը, միաժամանակ դատապարտեց Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: