Եմենում ռմբակոծությունների հետևանքով 120 հազար մարդ դարձել են գաղթական
International newsԵմենում մարտի 26-ից «Վճռականության փոթորիկ» գործողությունների մեկնարկից ի վեր երկրի ներսում գաղթական է դարձել 120 հազար մարդ: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով զբաղվող գրասենյակը՝ ավելացնելով, որ գրեթե 60 հազար գաղթականներ Հաջջա նահանգից են:
ՄԱԿ-ը նաև տեղեկացրել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում օդային հարվածների են ենթարկվել Շաբուա, Դալի, Ադեն, Սանա, Սաադա, Օմրան, Մարիբ, Իբ նահանգների բնակելի տարածքները:
«Ներկայումս Եմենի 22 նահանգից 18-ը ենթարկվում են օդային ռմբակոծության»,- նշել է ՄԱԿ-ի գրասենյակը՝ զգուշացնելով, որ երկրում սննդի պակաս է զգացվում: Ադենում ալյուրի պակասի պատճառով փակվել են բոլոր փռերը:
Դրան զուգահեռ՝ շիա ուժերը հայտարարել են, որ արաբական դաշինքի ռմբակոծության հետևանքով ավելի քան 2500 մարդ զոհվել, 3800-ը վիրավորվել են:
ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, «Անսար Ալլահ» շիական շարժման անդամները հեռացել են Եմենի Ադեն քաղաքի Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի շենքից: Նրանք համաձայնել են հեռանալ այնտեղից՝ փոխարենը պահանջելով ապահովել իրենց անվտանգությունը:
Ապրիլի 2-ին ապստամբներն Ադենում հարձակվել էին Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքի վրա: Միջադեպից հետո դիվանագիտական ներկայացուցիչներին հանել են քաղաքից: Մոսկվան դեռ շարունակում է իր քաղաքացիներին տարհանել Եմենից:
Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ տեղի ունեցող «Վճռականության փոթորիկ» գործողությունները սկսվել են մարտի 26-ի գիշերից: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Արաբական դաշինքի ուժերի ղեկավար Ահմադ Ասիրին հայտարարել է, որ ռազմական գործողությունները կշարունակվ են մինչև Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի իշխանության վերականգնումը: