Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացը ուղիներ է որոնում սիրիական հակամարտության կարգավորման համար
International newsՍիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան մտադիր է նոր բանակցությունների շարք սկսել սիրիական հակամարտությունը կարգավորելու նպատակով:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացնում են դիվանագիտական աղբյուրները: Ստեֆան դե Միստուրան մտադիր է մայիս-հունիս ամիսներին խորհրդակցություններ անցկացնել՝ գնահատելու բոլոր կողմերի միջև ընդհանուր լեզու գտնելու հնարավորությունը:
Աղբյուրի տեղեկացմամբ, նա աշխատանքներ կտանի, որպեսզի բանակցություններում ընդգրկվեն սիրիական բոլոր կողմերի և որոշ երկրների ներկայցուցիչներ:
Դե Միստուրան հույս ուներ իրականացնել Հալեպում ռազմական գործողությունները դադարեցնելու իր ծրագիրը, սակայն զինված ընդդիմությունը մերժել է այդ ծրագիրը:
Ավելի վաղ բրիտանական The Independent թերթին տված հարցազրույքում Դե Միստուրան նշել էր, որ միջազգային հանրությունը պետք է ավելի ուշադիր լսի Ռուսաստանին, եթե ցանկանում է վերջ դնել սիրիական հակամարտությանը: «Եկել է ժամանակը, որպեսզի աշխարհն ավելի ուշադիր լսի, թե ինչ է ասում Ռուսաստանը քառամյա հակամարտության մասին, որը խլել է ավելի քան 210 հազար մարդկանց կյանք և հանգեցրել իսլամական ծայրահեղականության աննախադեպ աճին, ինչը տարածվել է ողջ Մերձավոր Արևելքում»,- նշել է դե Միստուրան:
Դե Միստուրան նաև բարձր է գնահատել Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումները Դամասկոսի և ընդդիմադիր կուսակցությունների միջև:
Նախորդ շաբաթ Մոսկվայում ավարտվել է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը, որի ընթացքում կողմերն ընդունել են ընդհանուր փաստաթուղթ, որն ստացել է «Սիրիայի իրավիճակի գնահատում» անվանումը: Փաստաթուղթն ընդունվել է ծափահարություններով:
Ավելի վաղ Սիրիայի ներքին ընդդիմության ղեկավար Կադրի Ջամիլը աննախադեպ ձեռքբերում է համարել փաստաթղթի ընդունումը, որի հիման վրա կկառուցվեն հետագա քայլերը: