Հարավային Կորեայում հիշում են «Սեւոլ» լաստանավի խորտակման զոհերին
International newsՀարավկորեական «Սեւոլ» լաստանավի խորտակման հետեւանքով ավելի քան 300 զոհվածների ազգականները մասնակցել են աղետի տարելիցի արարողությանը, տեղեկացնում Է BBC-ը:
Նավի վրայից նրանք ծաղիկներ են նետել ծովի այն վայրը, որտեղ այժմ հատակում ընկած Է լաստանավը:
Ազգականներից շատերը պահանջում են բարձրացնել «Սեւոլ»-ը եւ այնտեղից հանել այն ուղեւորների մարմինները, որոնք դեռեւս համարվում են անհետ կորածներ:
Հարավային Կորեայի նախագահ Պան Կին Հեին քննադատում են այն բանի համար, որ նա տարելիցի օրն այցով մեկնել Է Հարավային Ամերիկա:
Ավելի վաղ Կորեայի Հանրապետության ծովային գործերի եւ ձկնորսության նախարարությունը հաղորդել Է, որ «Սեւոլ» լաստանավը ծովի հատակից բարձրացնելու համար կպահանջվի ավելի քան 120 մլրդ վոն (110 մլն դոլար): Իսկ ընդամենը, ըստ այս գերատեսչության գնահատումների, ողբերգության բոլոր հետեւանքների ամբողջական վերացման համար կպահանջվի ավելի քան 550 մլրդ վոն (504 մլն դոլար):
«Կառավարությունն արդեն 185,4 մլրդ վոն (169,9 մլն դոլար) Է ծախսել որոնողա-փրկարարական գործողությունների, ինչպես նաեւ տուժածների եւ զոհվածների ընտանիքներին օգնելու համար»,-նշել են նախարարությունում:
«Սեւոլ» մարդատար լաստանավը խորտակվել Է 2014 թվականի ապրիլի 16-ին: Հարավային Կորեայի արդի պատմության մեջ ամենախաշոր ողբերգություններից մեկի զոհ Է դարձել 295 մարդ, որոնցից 250-ը 15-ից մինչեւ 19 տարեկան դպրոցականներ են: Մինչ այժմ չեն գտնվել ինը մարդու մարմիններ: Ընդամենը վթարի պահին նավի վրա եղել Է 476 մարդ: Լաստանավի խորտակման հետեւանքով անհայտ կորածների որոնման գործողությունը դադարեցվել Է 2014 թվականի նոյեմբերին՝ կապված դրա անցկացման բարդության հետ:
Լաստանավի խորտակման գործով մեղադրվում Է 399 մարդ, ձերբակալված են 154-ը: 2014 թվականի նոյեմբերին Հարավային Կորեայի Կվանջու քաղաքի դատարանը «Սեւոլի» նավապետին, որն ուղեւորի տեսքով առաջիններից մեկն Է լքել խորտակվող նավը, մեղավոր Է ճանաչել արտակարգ իրավիճակում անփութություն դրսեւորելու մեջ, ինչը հանգեցրել Է մարդկանց զոհվելու, եւ նրան դատապարտել Է 36 տարվա բանտային կալանքի: Անձնակազմի եւս 14 անդամներ դատապարտվել են 5-ից մինչեւ 30 տարվա ազատազրկման: