Էրդողանն իրեն Օսմանյան տարածքի սուլթան է պատկերացնում եւ այդ տոնով էլ խոսում է աշխարհի հետ. Ս. Սաֆարյան
PoliticsԻնչպես տեղեկացնում է «Ակօս» թերթը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությանը, հույս է հայտնել ու զգուշացրել, որ Ֆրանցիսկոս պապն «այլևս նման կերպ չսխալվի»:
Էրդողանի` Հռոմի պապին «հաթաթա տալու» եւ առհասարակ Թուրքիայի ներկայիս վարած քաղաքականության վերաբերյալ Orer.am-ը զրուցեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ, ով նշեց. «Այն, որ որոշակի ռեակցիա պետք է Թուրքիան տար, կարծում եմ, որեւէ մեկը չէր կասկածում: Ամենամեծ արձագանքը եղավ Վատիկանում, այն էր` հետ կանչել իր դեսպանին՝ որպես բողոքի նշան, թեկուզ ժամանակավոր: Բնականաբար այդ ամենը վերբալ ձեւակերպում պետք է ստանար: Անկեղծ ասած, Էրդողանից ավել բան պետք էլ չէ սպասել: Նա բավական տեսանելի կերպով սկսել է աշխարհին դասեր տալ, բացատրել, թե ինչպես պետք է պատմություն գրել եւ ինչպես այն պետք է մեկնաբանել` սկսած Ամերիկայի հայտնագործումից, ավարտված հայերի ցեղասպանությունով: Էրդողանն Օսմանյան թմբիրի մեջ է: Նեոօսմանականության եւ Oսմանյան կայսրության վերականգնման իր երազանքներն են նրան այդ վիճակի մեջ դրել, ինչի արդյունքում էլ նա իրեն, կարծես թե, Օսմանյան տարածքի սուլթան է պատկերացնում եւ այդ տոնով էլ խոսում է աշխարհի հետ: Այնպես չէ, որ այդ խոսքերը պահի ազդեցության տակ են ասվել: Իհարկե, Հայոց ցեղասպանության որակումը Հռոմի պապի կողմից չափազանց սուր էր Թուրքիայի համար, բայց պետք է նաեւ հաշվի առնենք այն, որ ընդհանուր առմամբ աշխարհի հետ շփվելիս Թուրքիան ուսուցչի դիրքերից է խոսում, նա իրեն համարում է աշխարհի առանցքային պետություններից մեկը եւ բնականաբար այդպես էլ արտահայտվում է, հետեւաբար, ինձ Էրդողանի ներկայիս կեցվածքը հիշեցնում է տարիներ առաջ Վլադիմիր Պուտինի կեցվածքին. վախենամ, որ նրանք նույն ճանապարհով են գնում»:
Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով Թուրքիայում ստեղծված հանցավոր խմբերին, Հռոմի պապի հասցեին հնչեցված արտահայտություններին եւ սպառնալիքներին, նկատեց. «Հռոմի պապի կողմից մատուցված պատարագի եւ նրա կողմից տրված որակումներից հետո Թուրքիան վստահաբար հայտնաբերել էր, որ աշխարհի տրամադրվածություններն իր դեմ բավական բացահայտ տեսք են ընդունում եւ դրանք կարող են անսանձելի լինել, հետեւաբար այս պարագայում նաեւ մենք պետք է գիտակցենք, որ այստեղ խնդիրը ոչ միայն Հռոմի պապի դեմ գործելու մեջ է, այլ ընդհանուր առմամբ Թուրքիայի միջազգային ճակատով իր ուժերը վերախմբավորելու մեջ է: Մենք պետք է նաեւ հստակ հասկանանք, որ չնայած մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք Վատիկան-Անկարա առանցքին, այնուամենայնիվ, այստեղ հիմնական խնդիրը Հայկական հարցն է: Այս առումով մենք պետք է ուշադիր լինենք հայկական թիրախներով թուրքական գործողությունների նկատմամբ, իսկ դրանք միանգամայն սպասելի են»:
Ս. Սաֆարյանը նաեւ նկատեց, որ հայերի դեմ ուղղված հստակ գործողությունների ռիսկերը մեծացել են. «Ռիսկերը բավական մեծացել են այն առումով, որ Թուրքիան ինքը կանցնի հարձակումների եւ պատժիչ գործողությունների կամ հայկական համանքների, կամ Հայաստանի դեմ, կամ էլ նմանատիվ որեւէ այլ հարթության վրա»:
Սոսե Չանդոյան