Հովհաննես Մանուկյանին դուրս են մղել երկրի բոլոր կարևորագույն իրադարձություններից
PoliticsՍույն թվականի մայիս 19-ին տեղի կունենա ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի՝ «ՀՀ իրավական համակարգը, վերջին զարգացումները» թեմայով նիստը, որին, Orer.am-ի տեղեկություններով, զեկույցներով հանդես կգան ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը և այլոք:
Որքան էլ տարօրինակ է՝ նիստին չի մասնակցի ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Վերջինս նորից դուրս է մնում գլխավոր իրադարձություններից, հատկապես այն ֆոնին, որ նա է համարվում երկրի գլխավոր իրավաբանը, և, ըստ էության, այս իրադարձությունների առանցքային ֆիգուրներից մեկը պետք է լիներ:
Նախարարն առաջին անգամը չէ, որ հայտնվում է նման կարևոր իրադարձությունների լուսանցքում: Հիշեցնենք, որ նա ներառված չէ նաև նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում: Հավանաբար սրանք են պատճառները, որ Մանուկյանն այս բացը ստիպված քողարկում է զանազան պոպուլիստական հնարքների տակ՝ ժպտադեմ ծառատունկ, դեսպանների ընդունելություններ, հուշաքարերի բացում և այլն:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ պատճառը առաջիկայում սպասվող Մանուկյանի պաշտոնանկությունն է: Ըստ լուրերի՝ նրան փոխարինելու է ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը: