Ադրբեջանցիներին կարգելվի ամիսը երկու անգամից ավելի այցելել Իրան
International newsԻրանի հետ Ադրբեջանի Բիլյասուվարի հսկիչ-սահմանային անցակետում նոր կարգ է սահմանվել, որի համաձայն Ադրբեջանի քաղաքացիներին թույլատրվում է Իրան այցելել 15 օրը մեկ անգամ: Ավելի վաղ Ադրբեջանի քաղաքացիներին թույլատրվում էր Իրան այցելել շաբաթը մեկ անգամ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:
Նշվում է, որ նույն կարգին անցում է կատարելու նաև Ադրբեջանի Աստարայի հսկիչ-սահմանային անցագրային կետը: Այստեղ ևս Ադրբեջանի քաղաքացիներին թույլատրվելու է Իրան այցելել ամիսը երկու անգամից ոչ ավելի անգամ:
Իրանի հետ Ադրբեջանի երկու մաքսային կետերն էլ նման որոշում ընդունելու պատճառները չեն պարզաբանել:
Իրանը 2009 թվականին միակողմանիորեն վերացրել է Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը: Ադրբեջանցիներն առանց վիզա ներկայացնելու Իրան են անցնում արտասահմանյան անձնագրերով: Սակայն, իրանցիները Ադրբեջան այցելելու դեպքում պարտավոր են մուտքի արտոնագիր գնել սահմանին:
Ենթադրվում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից նման սահմանափակումը պայմանավորված է այն բանով, որ ադրբեջանցիները զանգվածաբար մեկնում են Իրան՝ այնտեղից էժան սննդամաթերք, դեղորայք ձեռք բերելու և բժշկական ծառայություններից օգտվելու համար: