Աշխարհը պետք է միավորվի ծայրահեղականության դեմ պայքարում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
International newsՀամաշխարհային հանրակցությունը պետք է միավորվի ծայրահեղականության դեմ մղվող պայքարում եւ վերացնի այն ծնող պատճառները: Այս կոչով ապրիլի 22-ին հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ ամփոփելով ծայրահեղականությանը հակազդելու եւ հանդուրժողության խրախուսման հարցերին նվիրված երկօրյա համաժողովի արդյունքները, որն անցկացվել է համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում:
«Մենք պետք է միավորվենք ծայրահեղականության դեմ: Մենք նաեւ պետք է վերացնենք այն, ինչը սնում է դրան»,- ասել է ՄԱԿ-ի վարչական ղեկավարը:
Երկու օրվա ընթացքում ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչները, ինչպես նաեւ կրոնական առաջնորդները կարծիքներ էին փոխանակում ծայրահեղականության աննախադեպ ալիքի շուրջ, որն ընդգրկել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրները:
«Ամբողջ աշխարհում մարդիկ ցնցված են ահաբեկիչների բարբարոսական գործողություններից: Թեեւ նրանք պնդում են, որ առաջնորդվում են իրենց հավատով, նրանց գաղափարախոսությունը հակասում է հիմնական կրոններից յուրաքանչյուրի ուսմունքին»,- ընդգծել է Պան Գի Մունը: Նա վստահություն է հայտնել, որ հոգեւոր առաջնորդները կարող են գլխավոր դերը խաղալ միջկրոնական հակասությունների հաղթահարման գործում, ինչպես նաեւ հակահարված տալ արմատական ուժերին: Այդ նպատակով ՄԱԿ-ի ղեկավարը մտադիր է հանձնաժողով կազմել կրոնական գործիչներից, որը կօգնի միջազգային հանրակցությանը՝ ժամանակին արձագանքել տեղի ունեցող իրադարձություններին:
Բացի այդ, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Պան Գի Մունը պատրաստում է ծայրահեղականության դեմ պայքարի գործողությունների համապարփակ ծրագիր, որը մտադիր է Գլխավոր ասամբլեային ներկայացնել մինչեւ տարեվերջ: