Բելգիան կարևորում է Հայաստանի հետ նոր ոլորտներում համագործակցության ծավալումը
International newsՀայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 27-ին հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարար Նալբանդյանը ողջունել է բելգիացի գործընկերոջ այցը Երևան՝ հույս հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմաը ¨:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Ռեյնդերսը շեշտել է, որ Բելգիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը և հնարավոր նոր ոլորտներում համագործակցության ծավալումը:
Էդվարդ Նալբանդյանը Դիդիե Ռեյնդերսին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները և ոգեկոչման խորհուրդը։ Նախարար Նալբանդյանը կարևորել է միջազգային հանրության միասնական ջանքերը` ցեղասպանությունների կանխարգելման գործում, և շնորհակալություն հայտնել արտգործնախարար Ռեյնդերսին՝ մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած՝ «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը Բելգիայի կողմից համահեղինակելու համար։ Հաշվի առնելով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ երկու ե րկրների ակտիվ ջանքերը՝ նախարարները պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունն այս ուղղությամբ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեռ 1998թ. Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։
Զրուցակիցները հանագամանալից անդրադարձ են կատարել հայ-բելգիական երկկողմ օրակարգի հարցերին, կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական կապերի ընդարձակումը, համագործակցության համար նոր ոլորտների բացահայտումը, խորհրդարանական, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում փոխգործակցությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:
Էդվարդ Նալբանդյանը և Դիդիե Ռեյնդերսը մտքեր են փոխանակել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Բելգիայի նախագահության առաջնահերթությունների իրագործման վերաբերյալ: Փոխվարչապետ Ռեյնդերսը Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է մասնակցելու մայիսին Բրյուսելում կայանալիք ռասիզմի և խտրականության դեմ պայքարին նվիրված ԵԽ նախարարական կոմիտեի 125-րդ նստաշրջանին։
Նախարարները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, այդ շրջանակներում առաջիկայում նախատեսվող միջոցառումները, հարաբերությունների իրավական նոր հենքի մշակման շուրջ ընթացող գործընթացը։
Երկուստեք կարևորվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության զարգացումը, այդ առումով արժևորվել է այս տարվա աշնանը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների խորհրդի անցկացումը:
Անդրադարձ է արվել միջազգային հրատապ հարցերի, մասնավորապես, ուկրաինական ճգնաժամին, մերձավորարևելյան զարգացումներին:
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:
Նախարարների հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիս։