Նեպալում մասնավոր կլինիկաներին պարտավորեցրել են անվճար օգնություն ցույց տալ երկրաշարժից տուժածներին
International newsՆեպալի կառավարությունը մասնավոր բժշկական կլինիկաների անձնակազմերին պարտավորեցրել Է անվճար բուժել այն մարդկանց, ովքեր տուժել են երկրաշարժից, այլապես հաստատությունը կարող Է զրկվել լիցենզիայից: Այդ մասին, ապրիլի 28-ին հաղորդել Է The Guardian-ը:
Երկրի ղեկավարությունն այդ քայլին Է դիմել այն բանից հետո, երբ մի քանի մասնավոր բուժհաստատություններում հրաժարվել են օգնել այն մարդկանց, ովքեր ի վիճակի չեն եղել վճարել բուժման դիմաց: Այսուհետեւ, եթե կլինիկան հրաժարվի անվճար օգնություն ցուցաբերել վիրավորներին, ապա նրանից հետ կվերցնեն լիցենզիան:
Ավելի վաղ Նեպալի վարչապետ Սուշիլ Կոյիրալան հայտարարել Է, որ երկրում երկրաշարժի զոհերի թիվը կարող Է հասնել 10 հազարի: Նրա խոսքով՝ Նեպալի իշխանությունները վրանների ու դեղորայքի կարիք ունեն: «Տուժածների ապաքինումը լուրջ խնդիր Է»,-նշել Է նա:
Կառավարության ղեկավարը հայտնել Է, որ ներկայում հաստատված Է 4349 մարդու զոհվելը, վնասվածքներ են ստացել ավելի քան 8 հազար բնակիչներ:
7,9 մագնիտուդով երկրաշարժը Նեպալում տեղի է ունեցել ապրիլի 25-ի առավոտյան: Դրա էպիկենտրոնը գտնվում էր երկրի մայրաքաղաք Կատմանդուից 82 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Դրան հաջորդել են տասնյակ հետցնցումներ, որոնցից ամենահզորը՝ 6,7 մագնիտուդով, գրանցվել է ապրիլի 26-ին: Տեղի բնակիչները պատահածն արդեն համարել են ամենաավերիչը 1934 թվականից ի վեր, երբ զոհվել էր 8,5 հազար մարդ:
Նեպալի կառավարությունը եռօրյա սուգ Է հայտարարել ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Կառավարությունում նշել են, որ սահմանափակ ռեսուրսների պատճառով վիրավորների եւ զոհվածների որոնումներն ավելի շատ ժամանակ կպահանջի, քան սպասվում Էր ավելի վաղ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: