Արաբական դաշինքը Եմենում ոչնչացրել է շիաների զենքերի մեծ մասը
International newsՍաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական դաշինքը ոչնչացրել է «Անսար Ալլահ» շիաական շարժման զենքերի 95 տոկոսը:
Ինչպես հաղորդում են վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ասիրին: «24 օրվա ընթացքում դաշինքի ռմբակոծության հետևանքով հոուսիները զրկվել են իրենց զենքերի 95 տոկոսից»,- նշել է նա՝ ավելացնելով, որ հոուսիների մոտ մնացել են միայն թեթև զենքեր: Ոչնչացվել են մեծ թվով հրթիռներ, տանկեր, ինքնաթիռներ: Նա նաև նշել է, որ այժմ ինքնաթիրռները կարող են անվտանգ վայրէջք կատարել Եմենի օդանավակայաններում:
Սաուդյան Արաբիան ապրիլի 28-ին վերսկսել է ռմբակոծությունները Եմենի մայրաքաղաքի տարբեր շրջանների ուղղությամբ: Ռմբակոծվել է նաև Ադեն քաղաքը, որտեղ նախնական տեղեկություններով չորս զոհ են գրանցվել:
Եմենում 2014 թ. օգոստոսից շարունակվում է քաղաքական ճգնաժամը: Հունվարի վերջին շիաները երկրի նախագահին և վարչապետին ստիպել էին հրաժարական տալ: Նրանք իրենց ձեռքն էին վերցրել պետական հաստատությունները: Նախագահը հայտնվել էր տնային
կալանքի տակ, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվել էր Ադեն քաղաք: Այժմ
Աբդ Ռաբբո ալ Հադին միջազգային մակարդակում ընդունվում է որպես երկրի գործող նախագահ:
«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերը: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Դաշինքն ապրիլի 21-ին հայտարարել էր գործողությունների ավարտի և միաժամանակ նոր գործողությունների սկզբի մասին, որը կրում է «Հույսի վերականգնում» անվանումը: