Լոս Անջելեսի պաշտոնյաները Թուրքիայից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
International newsԼոս Անջելես վարչական շրջանի կառավարիչների խորհուրդը քվեարկությամբ որոշում է կայացրել նամակ հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` խնդրելով միջնորդել, որպեսզի թուրքական կառավարությունը ճանաչի 1915-ի Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես հաղորդում է Daily News լրատվական կայքը, ապրիլի 28-ի նիստում կառավարիչներից Միքայել Անտոնովիչը, հիշատակելով ցեղասպանության 100-րդ տարելիցը, դատապարտել է թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունը: «23 ազգ և մեր Ֆրանցիսկոս պապն այն կոչել են ցեղասպանություն...ժամանակն է, որ մենք էլ այն կոչենք ցեղասպանություն»,- ասել է նա:
Նիստին ներկա մեկ հայ քահանա էլ նկատել է, որ «ցեղասպանության ութերորդ և եզրափակիչ փուլը ժխտումն է»:
Իսկ կառավարիչ Հիլդա Սոլիսը դիմել է գործընկերներին` նշելով. «Մարդկության դեմ իրականացված ցանկացած ոտնձգություն, ոտնձգություն է մեր դեմ»: Դրանից հետո նա հավելել է, որ Լոս Անջելեսում է բնակվում ԱՄՆ ամենամեծ հայկական համայնքը՝ ավելի քան 183 հազար մարդ:
Տասնյակ հազարավոր մարդիկ անցած շաբաթ երթի էին դուրս եկել դեպի Լոս Անջելեսի թուրքական հյուպատոսարան` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, իսկ մի քանի պետական գործիչներ էլ խիստ հայտարարություններ են հնչեցրել Հայոց ցեղասպանությունը դեռևս չճանաչած ԱՄՆ նախագահի և Կոնգրեսի հասցեին: