Առևանգված 41 եզդիներ կարողացել են փախուստի դիմել ԻՊ-ի ահաբեկիչներից
International newsԻրաքի Նինվե մարզում 41 առևանգված եզդիներ փախուստի են դիմել «Իսլամական պետությունից» և հասել Ջաբալ Սինջար: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, առևանգվածների մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Անվտանգության համակարգի ներկայացուցիչ Կասիմ Սինուն նշել է, որ 24 երեխաներ և տասնյակ կանայք, ինչպես նաև յոթ տղամարդիկ կարողացել են փախուստի դիմել կեսգիշերին և առավոտյան հասնել քրդական ուժերի հսկողության տակ գտնվող Ջաբալ Սինջար:
Ամռանը՝ 2014թ.-ի օգոստոսին «Իսլամական պետության» ահաբեկիչները հազարավոր եզդիների էին առևանգել, սպանել նրանցից շատերին:
ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվան ումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: