Վրաստանի նախագահը հետաձգել է կառավարության նոր կազմը խորհրդարանին ներկայացնելը
International newsՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մեկ շաբաթով հետաձգել է կառավարության նոր կազմը խորհրդարանին ներկայացնելը: Այդ մասին հայտարարությունը Վրաստանում հնչել է այսօր` մայիսի 1-ին: Թբիլիսիում կայացած ճեպազրույցում Մարգվելաշվիլին հայտարարել է, որ վարչապետն այսօր իրեն է ներկայացրել կառավարության նորացված կազմը, որպեսզի այն ներկայացվի խորհրդարանի հաստատմանը: «Մի քանի օրում մենք ականատես եղանք մի խումբ նախարարների հրաժարականների. եթե երեկ մենք ակնկալում էինք, որ կփոխվի երկու նախարար, իսկ այսօր արդեն` երեք, ինձ մոտ տպավորություն է առաջանում, որ կառավարությունն աշխատում է ֆորս-մաժորային իրավիճակում»,- պարզաբանել է Վրաստանի նախագահը: Այդ իրավիճակում նա ցանկանում է հնարավորություն տալ վարչապետին ու խորհրդարանին` անցկացնելու խորհրդատվություններ եւ հանգիստ մթնոլորտում ձեւավորելու դիրքորոշում կառավարության կազմի վերաբերյալ: «Ես օգտվում եմ Սահմանադրությամբ ինձ ընձեռված հնարավորությունից եւ մեկ շաբաթով հետաձգում եմ խորհրդարան ին կառավարության նորացված կազմի ներկայացումը»,- հայտնել է Մարգվելաշվիլին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղրիբաշվիլին թափուր մնացած նախարարական աթոռներին տեսնում է իր թեկնածուներին` շրջակա միջավայրի պահպանության նախարարի թեկնածուն Գիգլա Ագուլաշվիլին է, սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարի թեկնածուն՝ Տարիել Խեչիկաշվիլին, իսկ պաշտպանության նախարարի թեկնածուն` Թինա Խիդաշելին: