Վրաստանի պաշտպանության նախարար է նշանակվել խորհրդարանի խոսնակի կինը
International newsՎրաստանում պաշտպանության նախարար է նշանակվել Թինաթին Խիդաշելին: Ըստ «Վեդոմոստի»-ի, նա այդ պաշտոնում նշանակված առաջին կինն է:
Նույն օրը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւս երկու նոր նախարար է նշանակել՝ Շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների, ինչպես նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի: Խիդաշելիի նշանակումը վրացական լրատվամիջոցներն արդեն երկրի գլխավոր սենսացիան են որակել:
Հիշեցնենք, որ Թինաթին Խիդաշելին Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի կինն է: Ամուսինները Վրաստանի Հանրապետական կուսակցության անդամներ են:
Ավելի վաղ Խիդաշելին հասարակական մի շարք կազմակերպությունների հիմնադիր է եղել, այդ թվում՝ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի:
Շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների նախարար է նշանակվել Հանրապետական կուսակցության եւս մեկ անդամ՝ նախկին դատախազ Գիգլա Ագուլաշվիլին, իսկ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար՝ գործարար Տարիել Խիչիկաշվիլին: