Արցախի ընտրությունները կարող են օրինակ ծառայել բազմաթիվ երկրների համար. Եվրախորհրդարանի պատգամավոր
International newsԵվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ էնգելը, ով մայիսի 3-ին դիտորդական առաքելություն է իրականացրել ԼՂՀ-ում, շեշտում է, որ վաղուց չի տեսել նման կազմակերպված ընտրություններ, բարձր մակարդակ եւ մասնակցության նման ցուցանիշ: Ըստ Էնգելի, ԼՂՀ ընտրությունների պատկերն ու ընթացքը պետք է օրինակելի դառնան բազմաթիվ երկրների համար, որոնք ցանկանում են հասնել ժողովրդավարական ցուցանիշի: «2013թ. մի երկրում, կարծեմ անունը Ադրբեջան է, նախագահական ընտրություններ էին եւ նախքան քվեատուփերի բացումն արդեն հայտնի էր, թե ով է հաղթել ընտրություններում: Արցախում մենք նման բան չենք տեսել: Ես եղել եմ 20 ընտրատեղամասում եւ ընտրական գործընթացը համապատասխանում էր այն չափանիշներին, որոնք կան Եվրոպայում»,- ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Էնգելը` հավելելով, որ Արցախը հերթական անգամ ապացուցեց իր ժողովրդավարական բարձր մակարդակը:
Եվրախորհրդարանի պատգամավորը նաեւ ափսոսանք հայտնեց ԼՂՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ Եվրամիության եւ եվրոպական այլ կառույցների հայտարարությունների առնչությամբ: «Համոզված եմ, որ եթե Լեռնային Ղարաբաղում չլինեին ընտրություններ, ապա նրանք կասեին որ Արցախը Կովկասում ժողովրդավարական սեւ փոս է, երբ կան ընտրություններ, նրանք հայտարարում են, որ չեն ճանաչում: Ես այդ մոտեցումը չեմ ընդունում, եւ այդ մոտեցումը չի կարելի կիրառելի Արցախի ժողովրդի համար, քանի որ այս երկրի ժողովուրդն առանձնանում է իր քաղաքական կամքով եւ այն կերտում ժողովրդավարական ճանապարհով»,- ասաց Էնգելը: